Իրական խաղաղութեան երաշխիքներն են Հզօր Հայաստանն ու Արցախը, Հայոց աննկուն բանակով. ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեան

Հայկական համընդհանուր իրողութիւնների ու մերօրեայ մարտահրաւէրների շուրջ «Ալիք»-ը խնդրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի մեկնաբանութիւնները, որոնք ընթերցողին է ներկայացւում հարց- պատասխանի ձեւաչափով:

Հ.-Վերջերս Երեւանում կայացաւ, այսպէս ասած, Համաշխարհային հայկական գագաթնաժողով, որին, սակայն, չմասնակցեցին համահայկական տարողութեամբ կառոյցներ՝ ի դէմս երկու կաթողիկոսութիւնների եւ հայկական աւանդական կուսակցութիւնների եւ այլ կազմակերպութիւնների:

Ըստ Ձեզ, նման պայմաններում տուեալ գագաթնաժողովը արդարացնելո՞ւ է իրեն:

Պ.-Այսպէս կոչուած «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը», որը տեղի ունեցաւ հոկտեմբերի աւարտին, ոչ միայն ազգի եւ հայրենիքի համար օգտակար դեր չունեցաւ, այլեւ մեզ աւելի պառակտեց:

Այս իշխանութիւնների հետեւողական եւ անփոփոխ նպատակը՝ Սփիւռքի համահայկական կառոյցների չէզոքացումն է: Եւ ոչ միայն Սփիւռքի, այլեւ հայութեան, այդ թւում Հայաստանի, սկսած Հայ Առաքելական Եկեղեցուց, Հայոց Բանակից, Հայոց լեզուի ու մշակոյթի ինստիտուտներից մինչեւ դատական համակարգ ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ: Քանդել ու քանդել:

Մենք անցնող աւելի քան 20 տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիւ Հայաստան-Արցախ-Սփիւռք համաժողովներ՝ նկատառելի ձեռքբերումներով: Համաժողովները ընդգրկել են թէ՛ աւանդական Սփիւռքը, թէ՛ Ռուսաստանի եւ նախկին համայնավարական երկրների հայկական համայնքներ, եւ թէ՛ նորակազմ համայնքները (Զուիցերիա, Հոլանտա եւ այլն):

Իրագործուել են բազմապիսի մարզական, կրթական, մշակութային եւ առեւտրա-տնտեսական միջոցառումներ: Ի՞նչ եղան այդ ամբողջ ձեռքբերումները: Այս իշխանութիւնների պառակտիչ եւ ատելութեամբ լի գործունէութեան արդիւնքում՝ մեծապէս քայքայուեցին:

Համագործակցութիւնն իր տեղը զիջեց թշնամանքի ու ատելութեան: Խաղաղ համագործակցութեան հասցէատէրը ներազգային կեանքից փոխադրուեց դուրս՝ դէպի Թուրքիա եւ Ադրբեջան:

Ի՞նչ էր նշանակում համաժողով անցկացնել առանց Արցախի կարգավիճակի համահայկական քննարկման եւ եզրայանգման օրակարգի: Ի՞նչ էր նշանակում Հայաստանի գոյապայքարի եւ ստայօդ «խաղաղութեան» հարցի խորքային քննարկման անտեսումը: Եւ այս բոլորը առանց Հայ Առաքելական Եկեղեցու եւ Սփիւռքի կազմակերպուած ուժերի մասնակցութեան, որոնք դէմ էին պառակտուած եւ կեղծ մթնոլորտում նման համաժողովի անցկացմանը: Համաժողով, որը եթէ անհրաժեշտ էր, ապա պիտի կազմակերպուէր համազգային առաւելագոյն վստահութիւնն վայելող եւ անկողմնակալ կառոյցների կողմից, օրինակ՝ երկու կաթողիկոսութիւնների: Իշխանութիւնները, երբ հասկացան, որ կաթողիկոսութիւնները եւ Սփիւռքի խոշոր կազմակերպութիւնները նպատակայարմար չեն գտնում նման անհեթեթ ու ձեւական համագումարի մասնակցել՝ ճարպկութիւն ցուցաբերելով՝ համաժողովին հրաւիրեցին միայն իրենց համակրող սակաւաթիւ անհատներին:

Հ.- Պրն. Բաղումեան, աշխարհատարած հայկական համայնքներում տեղի են ունենում ՀՅԴ 132-րդ տարեդարձի ժողովրդական հանդիսութիւններ: Կը խնդրեմ Ձեր բնութագիրը նախ 132-ամեակի առթիւ, ապա՝ մերօրեայ այն մարտահրաւէրների մասին, որոնց պատրաստւում է դիմագրաւել ՀՅԴ-ն՝ իր սեփական կառոյցներով ու իր շուրջ համախմբուած ժողովրդական նեցուկով:

Պ.- Թէեւ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում հանրային տրամադրութիւնները մեղմ ասած լաւ չեն, սակայն ազգային-հայրենասիրական ուժերն իրենց առաւելագոյնն են անում, որպէսզի հոգեբարոյական ճգնաժամը յաղթահարուի եւ ինքնավստահութիւնը վերահաստատուի:

Ինչպէս միշտ Դաշնկացութեան գլխաւոր նպատակակէտը մեր ազգային շահերի պաշտպանութիւնն է: Սա առաջնային է:

Ցաւօք, այսօր մենք յայտնուել ենք բիրտ սպառնալիքների տակ, եւ գործող իշխանութիւնները, անկարող են կամ չեն ցանկանում լրջօրէն կանգնել հայկական շահերի պաշտպանութեան դիրքերում:

44-օրեայ պատերազմում դաւադիր պարտութեան եւ հետագայ անփառունակ նահանջողականութեան հետևանքով Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները կանգնել են վտանգաւոր իրավիճակի դէմ յանդիման:

Այսօր իրավիճակը բարդ է նաեւ ամբողջ տարածաշրջանում: Օրինակ, Ռուսաստանի եւ Իրանի թէկուզ ժամանակաւոր բացակայութիւնը Կովկասեան բեմից, Հայաստանին եւ Արցախին կը դնեն գոյութենական սպառնալիքի առջեւ:

Հետեւաբար, մեր առաջնային նպատակն է՝ կանխել անցանկալի զարգացումները եւ կարճ ժամկէտներում հասնել՝

ա) Համահայկական միասնականութեան եւ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք խաթարուած եռամիասնութիւնը:
բ) Հնարաւորինս շատ արտաքին դաշնակիցների օժանդակութեան ապահովմանը՝ առաջնութիւն տալով Իրանին եւ Ռուսաստանին:
գ) Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը:
դ) Հայաստանի Հանրապետութեան նախապատերազմական սահմանների վերականգնմանն ու գերիների եւ նահատակների աճիւնների վերադարձմանը:
ե) Հայոց Բանակի հզօրացմանը:

Այս բոլորի իրագործման համար անհրաժեշտ է պարտուած եւ անճարակ իշխանութեան անցնցում հեռացումը:

Ինչպէս անցեալում, այսօր աւելի շեշտակի ՀՅԴ-ն, ամբողջական զօրաշարժի ենթարկելով իր տարբեր կառոյցները, բազմաթիւ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչեւ Ռուսաստան, Եւրոպա, Հարաւային Ամերիկա, Գանատա եւ Միջին Արեւելք, այդ թւում Իրան, օտար շրջանակների մօտ լոպպիյինկով են զբաղուած: Գործադիր իշխանութիւններ, խորհրդարաններ, ոչ-կառավարական եւ միջազգային ինստիտուտներ եւ քաղաքական դէմքեր մեր կառոյցների շփումների եւ քարոզչութեան թիրախն են հանդիսանում:

Հ.-Վերջին ժամանակաշրջանում Թուրքիան ամենաբարձր մակարդակով թիրախաւորում է Սփիւռքը, որին համարում է նախ որպէս հակաթրքական քարոզչական գործօն, եւ միւս կողմից՝ հայ-ադրբեջանական ու հայ-թրքական հաշտեցման խոչընդոտ:

Նման հակահայկական թիրախաւորումը չէզոքացնելու ի՞նչ կարելիութիւններ ու հնարաւորութիւններ ունի Սփիւռքը եւ մասնաւորապէս ՀՅԴ-ն:

Պ.-Այս ծանր պայմաններում ՀՀ իշխանութիւնները պարտուել են ոչ միայն ռազմական, այլեւ՝ դիւանագիտական ասպարէզում: Եւ փոխարէնը՝ փորձում են յաղթել միայն սեփական ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, նրանց հանելով միմեանց դէմ եւ պառակտելով իւրաքանչիւրին իր ներսում:

Ահա, այսպիսի իրավիճակում, դժբախտաբար հայկական որոշակի շրջանակներ, Հայաստանի իշխանութիւնների գլխաւորութեամբ, հեշտութեամբ հրաժարուելով մեր ազգային կենսական շահերից, առաջ են մղում վտանգաւոր քաղաքական ուղղութիւն եւ իրականացնում են ամօթալի քարոզչութիւն:

Հայ-թուրքական խաղաղութեան կեղծ դրօշի ներքոյ, Հայաստան-Ադրբեջան հաշտութեան անուան տակ, իշխանութիւնները ահաւոր զիջումների են գնում Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների հաշուին: Սրանք ոչ թէ խաղաղութիւն եւ հաշտութիւն կը բերեն՝ այլեւ դիմացինների մօտ նոր ախորժակներ գրգռելու դուռ կը բացեն: Արդէն բացել են…

Ի տես այս դիրքորոշումների, բնական է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ՀՅԴ-ն դիտում են որպէս իրենց թիւ 1 թշնամին:
ՀՅԴ-ն մերկացնում է փանթուրանական նպատակների իրագործմանը միտուած, բացայայտ եւ թաքուն ծրագրերը եւ, միւս ազգային ուժերի եւ հաստատութիւնների հետ փորձում է կանխել եւ չէզոքացնել թուրքերին յանձնուելու բոլոր վտանգներով լի «խաղաղասիրական» ծրագրերը:

Իհարկէ, մենք ոչ միայն դէմ չենք խաղաղութեանը, այլեւ առաջիններից ենք, որ ձգտում ենք իրական խաղաղութեան՝ որը հասանելի կը լինի բացառապէս վստահութեան եւ արդարութեան ճամբով, եւ որի իրական երաշխիքներն են մեր համար՝ Հզօր Հայաստանն ու Արցախը, Հայոց աննկուն բանակով:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.