ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերեալ

Հայաստանի գործող իշխանութիւնը շարունակում է իր ազգադաւ ծրագրերը: Հերթականը ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանին Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործել արգելելն է:

Միանալով Էրտողանի և Ալիևի ռեժիմներին՝ Նիկոլ Փաշինեանի վարչակազմը հարուածում է հայոց պետականութեանը՝ պառակտելով հայ ժողովրդին, արգելակելով արտաքին սպառնալիքներին հայ ժողովրդի կենսունակ մասի դիմադրութիւնը, ճանապարհ բացելով մեր հայրենիքի նկատմամբ թշնամական պետութիւնների ու կազմակերպութիւնների գործունէութեան համար:

Վարչախմբի աշխատակազմի՝ Մուրատ Փափազեանին Հայաստանում անցանկալի անձ համարելու վերաբերեալ այսօր ներկայացրած պարզաբանումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ իրականութիւնը կեղծելու, սուտը ճշմարտութեան տեղ ներկայացնելու, սեփական անձը պետութեան հետ նոյնականացնելու, Սահմանադրութիւնն ու օրէնքները ոտնատակ տալու հերթական ապացոյց:

Հայաստանի գործող վարչախումբն անընդհատ փաստում է, որ շարժւում է հայոց պետականութեան և հայ ժողովրդի ոչնչացման թուրք-ադրբեջանական նպատակային ծրագրերով:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խստիւ դատապարտում է ռեժիմի այս քստմնելի և դաւաճանական հերթական արարքը, յայտարարում, որ նման ապօրինութիւններով և պառակտիչ գործողութիւններով հնարաւոր չէ կանխել համայն հայութեան շրջանում սկիզբ առած դիմադրութեան շարժումը, որն ուղղուած է հայոց կենսունակ պետականութեան արտաքին և ներքին թշնամիների դէմ: Նիկոլ Փաշինեանի ռեժիմի հեռացումն այլընտրանք չունի:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.