Նոր Ջուղայում կայացաւ Գէորգ Ստեփանեանի «Համազասպ» գրքի շնորհանդէսը

(Ալիք) – Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, մարտի 16-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահմալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, կայացաւ «Համազասպ» գրքի շնորհանդէսը, որի հեղինակն է ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի Հայ գաղթօջախների եւ Սփիւռքի պատմութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Գէորգ Ստեփանեանը։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հայ հասարակական, քաղաքական եւ պետական գործիչ, ՀՅԴ մարտական փաղանգի ամենապայծառ դէմքերից Համազասպ Սրւանձտեանցի կեանքին ու գործունէութեանը անդրադարձող այս մենագրութիւնը լոյս է տեսել 2016 թւականին` շրջանիս Հայ Դատի յանձնախմբի մեկենասութեամբ։

Շնորհանդէսի ընթացքում հեղինակի կատարած լայնածաւալ աշխատանքի, գրքի բովանդակութեան եւ հայ ժողովրդի պատմութեան մի շարք վիճելի դրւագների լուսաբանման ուղղութեամբ սոյն աշխատութեան մատուցած ծառայութիւնների շուրջ ելոյթ ունեցան՝ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը, Հայաստանից ժամանած գրախօսներ՝ ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի ակատեմիկոս, Հայ հասարակական մտքի եւ մամուլի պատմութեան բաժնի վարիչ դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Խառատեանն ու Խ. Աբովեանի անւան մանկավարժական համալսարանի հայոց պատմութեան ամբիոնի դասախօս, պատմական գիտութիւնների թեկնածու-դոցենտ Աւետիս Յարութիւնեանը, ինչու չէ նաեւ գրքի հեղինակը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.