Մհեր Սահակեան. «Դաշնակցութեան գործունէութեամբ յատկապէս տպաւորուել եմ ապրիլեան պատերազմի օրերին»

29-ամեայ Մհեր Սահակեանն իրաւագէտ է, ԱԻՆ տեխնիկական սպասարկման իրաւաբանական բաժնի պետ: Մհերը 2016 թ.-ի Մայիսից ՀՅԴ անդամ է:

«Դաշնակցութիւնն իր պատմութեան մէջ շատ գործիչներ է ունեցել, որոնց գործնէութիւնից կարելի է տպաւորուել: Բայց 2 տարի առաջ յայտանբերեցի, որ իմ ծննդեան օրն է ծնուել նաեւ արցախեան ազատամարտի կարկառուն դէմքերից մէկը՝ դաշնակցական Պետրոս Ղեւոնդեանը: Ի դէպ, ասում են նաեւ, որ մենք արտաքինով էլ ենք նման իրար, ինչն ինձ շատ է ուրախացնում: Ես շատ եմ ոգեւորուել Պետոյի սխրանքներով», մեր զրոյցի ընթացքում ասում է Մհեր Սահակեանը:

Պարո՛ն Սահակեան, 28 տարեկանում որոշեցիք անդամակցել Դաշնակցութեանը: Ինչպէ՞ս եկաք այդ որոշմանը, ինչո՞ւ հենց ՀՅԴ:

Քաղաքական անցուդարձի հանդէպ միշտ ուշադիր եմ եղել: Առանձնակի ուշադրութեամբ հետեւում էի մեր երկրում գործող կուսակցութիւնների աշխատանքին: 2016-ի սկզբից մասնակցում էի տարբեր կուսակցութիւնների կազմակերպած տարբեր իրադարձութիւնների, որպէսզի ինձ համար աւելի մօտիկից բացայայտեմ նրանց:

2016 ապրիլեան իրադարձութիւններին դաշնակցութեան ջոկատների հետ մեկնեցի Արցախ: Այդ ժամանակ դեռ դաշնակցական չէի, եւ ոչ մի դաշնակցական ընկեր կամ բարեկամ չունէի: Ինձ հետաքրքիր էր Դաշնակցութեանը տեսնել նաեւ քաղաքական դաշտից դուրս, մարտի դաշտում: Դաշնակցական տղաների հետ Արցախում անցկացրած մի ամիսն ինձ բերեց մի համոզման՝ ես պիտի դառնամ ՀՅԴ անդամ, որովհետեւ իրենց գործելաոճն ինձ շատ հոգեհարազատ է: Այնտեղ ես հրամանատարների սրտացաւութիւն տեսայ: Ոչ մէկին մինչ այդ չէի ճանաչում, բայց այնտեղ՝ դժուար պահերին բոլորը իրար հանդէպ խիստ հոգատար եւ ուշադիր էին: Հասկացայ նաեւ, որ ՀՅԴն, ինչպէս 126 տարի առաջ, այնպէս էլ ամբողջ ընթացքում ու այսօր հայ ազգի ցաւով ապրող կուսակցութիւն է:

Ի՞նչ կարող ես անել երկրի համար ՀՅԴ շարքերում, որ չէիր կարող անել անկուսակցական լինելով:

Անհատն այսօրուայ իրականութեան մէջ թոյլ է: Հաշուի առնելով, որ շուտով Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, ինչին միշտ Դաշնակցութիւնը կողմ է եղել, պարզ է, որ կուսակցութիւնների դերն աւելի է մեծանում եւ կուսակցական լինելով աւելին կարող ես անել հայրենիքիդ համար, կուսակցութիւներն են որոշելու երկրի ճանապարհը: Անհատապէս ես այդքան ռեսուրս ու ուժ չունեմ՝ երկրում ինչոր բան փոխելու, իսկ թիմային աշխատանքը միշտ տալիս է իր պտուղները: Եւ եթէ կայ կուսակցութիւն, որի գաղափարախօսութեան ու սկզբունքների հետ համընկնում են իմ սկզբունքները, ուրեմն ես հաճոյքով կաշխատեմ այդ թիմում՝ իմ երկրի համար:

Դաշնակցութեան հիմնական գաղափարախօսութեան մէջ ազգային անվտանգութիւնն է, որ նուազագոյն կորուստներով ապահովուի ամենամեծ յաջողութիւնը:

2016-ը մեր երկրի համար բեկումնային էր: Յուշագիրը, որ ստորագրուեց Դաշնակցութեան եւ իշխող Հանրապետականի միջեւ, ինձ համար, որ այդ ժամանակ կուսակցական չէի, որպէս ՀՀ քաղաքացու շատ կարեւոր քայլ էր: Որովհետեւ մի ուրիշ բան է ուղղակի ցանկանալ մի բան փոխել ու անընդհատ խօսել յեղափոխութիւնների մասին, մի ուրիշ բան է՝ կոնկրետ քայլեր անել՝ մի բան փոխելու համար: Ամէն ինչ ճիշդ ընկալելու համար ընդամէնը պէտք է հետեւել իրադարձութիւններին: Ընդամէնը մէկ տարի առաջ դժուար էր պատկերացնել, որ կունենանք նման կառավարութիւն: Լինելով պետական կառոյցի աշխատակից՝ ես իմ աչքով եմ տեսնում ու զգում բոլոր այդ փոփոխութիւնները: Կառուցուածքային նախագծերի փոփոխութիւնը, որոնք բերւում են քննարկման եւ կեանքի կոչւում:

Որպէս նորընտիր դաշնակցական, որպէս հայ երիտասարդ, որ այս հասարակութեան մի մասնիկն է, ինչպէ՞ս ես պայքարելու, որ խորհրդարանական ընտրութիւններին մարդիկ հաւատան, վստահեն Դաշնակցութեանն ու քուէարկեն ձեր օգտին:

Այն մարդիկ, ովքեր ծանօթ են Դաշնակցութեան գործունէութեանը, ովքեր հետեւում եւ տեսնում են, թէ ի՛նչ ահռելի աշխատանք է կատարւում, նրանց համոզել պէտք չէ: Մեր աշխատանքը պիտի լինի մեր հասարակութեանը, մեր քաղաքացուն ցոյց տալ, թէ ի՛նչ արւում, ինչ մեծ աշխատանք է կատարւում: Դաշնակցութիւնը միակ ուժն է, որ իր ստեղծման օրուանից բոլոր ճակատագրական պահերին մասնակցել է երկրի համար կարեւոր որոշումների կայացմանը, միշտ կանգնած է եղել, երբ ժողովրդի գլխին կարեւոր խնդիրներ են ծառացել:

Ինչպէս ցանկացած նորընտիր դաշնակցական, Մհեր Սահակեանն էլ տպաւորուել էր Դաշնակցութեան շարքերն անցնելու երդման արարողութիւնից: «Նախատեսել էինք Թալիշի դիրքերում իրականացնել երդման արարողութիւնը, բայց չստացուեց: Այնտեղ դրա ժամանակը չկար: Այն կայացաւ մեզ համար շատ խորհրդանշական մի օր՝ Մայիսի 28-ին: Շատ տպաւորիչ էր եւ շատ ոգեւորուած էի այդ ամէնով», ժպիտը դէմքին պատմում է Մհերը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.