ՀՅԴ Նախընտրական Ծրագիրը

 

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ իբրեւ ազգային, ժողովրդավար, սոցիալիստական եւ յեղափոխական կուսակցութիւն, մշտապէս պայքարել է հայ մարդու եւ հայութեան քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար:

ՀՅ Դաշնակցութիւնը համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի յստակ՝ մեր ժողովրդի էութիւնից բխող արժէքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպական կառոյց ու վերահսկման մեխանիզմ:

ՀՅ Դաշնակցութեան համար բարձրագոյն արժէք են մարդը, նրա արժանապատուութիւնն ու իրաւունքները: Կարեւոր է, որ Հայաստանի քաղաքացին հաւատայ իր պետութեանը, իր եւ իր ընտանիքի վաղուայ օրուան, մասնակից դառնայ այդ ապագայի կերտմանը: Հարկ է թռիչքաձեւ, կայուն զարգացման նախադրեալներ ստեղծել, թարմ շունչ հաղորդել հասարակական կեանքի բոլոր ոլորտներին:

ՀՅԴ նախընտրական ծրագիրը կառուցուած է բարոյականութեան եւ արդարութեան չափանիշներով: Այն ուղղուած է ապագային, իսկ մեր հայեացքը՝ երիտասարդներին:

Մեր նպատակն է կառուցել Ազատ քաղաքացիների Հզօր եւ Արդար երկիր:

Հայաստանում, Դաշնակցութեան էական դերակատարմամբ, համակարգային փոփոխութիւն է տեղի ունեցել: Մենք ապրում ենք խորհրդարանական կառավարման պայմաններում:

Սկսածն անշրջելի դարձնելու, խորացնելու եւ աւարտին հասցնելու առաքելութիւն ունի Դաշնակցութիւնը:

Մեր անմիջական մասնակցութեամբ ու ջանքերով երկրում արդէն իսկ վերջ է դրուել մենիշխանութեանը, ժողովրդավարական նոր կարգերի հիմք է ստեղծուել, վերացուել է ընտրութիւնների արդիւնքները կանխորոշող իշխանութիւնների վերարտադրման մեքենան, ընտրական արդար ու թափանցիկ գործընթացների դուռ է բացուել:

Մեզ մնում է տեղայնացնել խորհրդարանական համակարգերի միջազգային առաջադիմական փորձը:

Հայաստանի քաղաքացին Դաշնակցութեանը տուած իր քուէով երաշխաւորելու է լայնածաւալ այս բարեփոխումներն ու երկրի առաջընթացը:

ՀՀ քաղաքացին անձամբ զգալու է կատարուած արմատական, համակարգային փոփոխութիւնների դրական հետեւանքները: Ակնյայտ են դառնալու նոր համակարգի առաւելութիւնները:

Միայն այս ճանապարհով է հնարաւոր վերացնել ժողովրդի՝ տարիներով կուտակուած արդարացի դժգոհութեան պատճառները, հանել երկիրը տեղապտոյտից եւ փոխադրել կայուն զարգացման հուն:

Մէկ տարի յետոյ այլեւս համապետական քուէարկութեամբ երկրի նախագահ չենք ընտրելու: Մեր երկրի բոլոր հարցերը որոշուելու են Ազգային ժողովում:

Ահա թէ ինչու կարեւոր է, որ խորհրդարանում լինեն իրական քաղաքական ուժեր, ազգային-պետական եւ Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու շահերով առաջնորդուող քաղաքական գործիչներ:

Սիրելի հայրենակից,

Առաջիկայ ընտրութիւններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը քո աչքի առաջ են:

Համեմատիր եւ կը տեսնես՝ Դաշնակցութիւնը տարբերւում է միւսներից. մենք մի անձի կուսակցութիւն չենք, ունենք մեծ փորձառութիւն, ունենք գաղափարական եւ ծրագրային սկզբունքներ, որոնց երբեք չենք դաւաճանել, հետեւողական ենք, չենք եղել ու չենք կարող ամբոխավար լինել՝ այսօր ասել մի բան, վաղը՝ հակառակը: Մենք չենք փոխուել. ե՛ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութիւն եղած ժամանակ Դաշնակցութիւնը առաջադրել է միեւնոյն խնդիրները եւ լուծումներ գտել:

Իշխանութեան մաս դառնալով՝ մենք Հայաստանում նոր սկիզբ ենք դրել՝ մեր կեանքի բոլոր ոլորտներում որակական փոփոխութիւնների սկիզբ:

Մենք սկսել ենք Արցախով: Միասին յաղթել ենք Արցախում: Կարողացել ենք ազգային հուն վերադարձնել երկրի քաղաքական ուղեգիծը: Կարողացել ենք կառավարման համակարգ փոխել:

Որքան ուժեղ լինի Դաշնակցութիւնը, այնքան մեր երկիրը կայուն, արդար, խաղաղ կը լինի: Այնքան բարեփոխումներն արագ, արդիւնաւէտ ու անշրջելի կը դառնան՝ հասնելով իւրաքանչիւր ընտանիքի ու քաղաքացու: Այնքան մեր ազգային-պետական հիմնահարցերի դրական լուծումը երաշխաւորուած կը լինի: Այնքան Հայաստանի ինքնիշխանութիւնն ամուր կը լինի:

Վստահէ՛ք Դաշնակցութեանը, Ապրիլի 2ին քուէարկէ՛ք Դաշնակցութեան օգտին, եւ մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կ՛ունենանք:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հաւատացած է, որ ազատ, անվտանգ, զարգացող եւ համերաշխ հասարակութիւն ունենալու մեր բոլորի ցանկութիւնը միանգամայն իրագործելի է:

Մեր անկախ պետականութիւնը, ազատագրուած Արցախը մեր արժանապատուութիւնն ու մեր հպարտութիւնն են: Մենք կարող ենք եւ պէտք է զարգանանք առանց զիջելու: Սա պէտք է դառնայ համազգային պահանջ, գործողութիւնների յստակ ու վստահութիւն ներշնչող ծրագիր եւ նուիրուած աշխատանք:

Սիրելի հայրենակից,

Վստահելով ՀՅ Դաշնակցութեանը՝ դու քուէարկում ես կայուն զարգացման, համերաշխ հասարակութեան, հզօր պետութեան եւ ազատ քաղաքացու օգտին:

 

ՄԱՐԴԸ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի տնտեսական քաղաքականութիւնը, անկախութեան վերականգնումից ի վեր, հիմնուած է եղել ինքնակարգաւորուող շուկայի լիբերալ գաղափարախօսութեան եւ «անցումային տնտեսութեան» մօտեցման վրայ: Պետութիւնն ուսերից թօթափել է պատասխանատուութիւնն իր քաղաքացիների նկատմամբ, թողնելով, որ վայրի մրցակցութեան մէջ յաղթի «ուժեղ»ը առանց հոգալու «պարտուածներ»ի ճակատագրի մասին:

Զարմանալի չէ, որ մեր հայրենակիցները բողոքում են, որ յայտարարուող տնտեսական աճի պայմաններում իրենց կեանքի մակարդակը գնալով անկում է ապրում, քանի որ տնտեսական աճի բարիքներից օգտւում է «յաղթողներ»ի մի փոքրիկ խումբ: Այսպիսով, պետութիւնն իրեն օտարեց քաղաքացուց, իսկ քաղաքացին օտարուեց պետութիւնից:

Չզգալով պետութեան պատասխանատուութիւնը քաղաքացու հանդէպ, քաղաքացին դադարում է պատասխանատուութիւն զգալ պետութեան ու երկրի հանդէպ: Արդիւնքը վիթխարի ծաւալների հասնող արտագաղթն է, երբ հայ մարդը, չզգալով սեփական հայրենիքի հոգածութիւնը, իր ապագան փորձում է կապել այլ երկրների հետ: Անհրաժեշտ է արմատապէս փոխել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տրամաբանութիւնը, վերականգնել պետութեան եւ քաղաքացու պատասխանատուութիւնը միմեանց հանդէպ՝ անցում կատարելով նոր Սահմանադրութեամբ ամրագրուած սոցիալական շուկայական տնտեսակարգին:

Մենք առաջարկում ենք.

Ապահովել տնտեսական աճի եւ ստեղծուած տնտեսական արդիւնքի արդար բաշխումը հասարակութեան բոլոր անդամների միջեւ:

Հնարաւորութիւններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել աշխատանք ունենալու իրենց իրաւունքը:

Բացառել, որ օրնիբուն աշխատող մարդը չկարողանայ իր ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի նոյնիսկ տարրական կարիքները: Երբեմն առաջարկուող վարձատրութիւնն այնքան ցածր է, որ աշխատունակ եւ ինքնասիրութիւն ունեցող մարդը գերադասում է նպաստը, այլ ոչ թէ ազնիւ աշխատանքը: Աշխատանքը պէտք է ապահովի մարդու արժանապատիւ կեանքը, ոչ թէ գոյութիւնը: Աշխատանքի նուազագոյն վարձատրութիւնը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբիւղից: Աշխատող մարդը պէտք է կարողանայ իրացնել իր հանգստի իրաւունքը, կրթութեան իրաւունքը, առողջապահական ծառայութիւններից օգտուելու իրաւունքը, մշակութային եւ հոգեւոր արժէքների հետ հաղորդակցման իրաւունքը:

Կանխել կեանքի դժուար պայմաններում յայտնուած մեր հայրենակիցների, որոնք աշխատաշուկայում մրցունակ չեն կամ ինչ-ինչ պատճառներով աշխատանք չունեն, լուսանցք մղուելը: Պետութիւնն ակտիւ քաղաքականութիւն պէտք է իրականացնի աշխատաշուկայ նրանց մուտքն ապահովելու համար եւ պաշտպանի աշխատողների իրաւունքները:

Երաշխաւորել տարեցների բարեկեցիկ ծերութիւնը: Անթոյլատրելի է, որ ողջ կեանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացին յայտնուի աղքատութեան մէջ:

Ստեղծել առողջապահական ապահովագրութեան այնպիսի համակարգ, որ մեր որեւէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարաւորութիւնից: Որեւէ մէկը չպէտք է տառապի կամ մահանայ, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի:

Արտագաղթը կանխելու նպատակով՝ ստեղծել հնարաւորութիւններ, որ հայոց բանակում ծառայած, իր կեանքը յանուն անկախութեան ու ժողովրդի բարօրութեանը վտանգած իւրաքանչիւր երիտասարդ կարողանայ հոգալ իր բնակարանային ապահովուածութեան ու աշխատանքի կարիքները:

Օգնել ֆիզիկական եւ մտաւոր սահմանափակումներ ունեցող անձանց դառնալու հասարակութեան լիարժէք անդամներ, ապահովել նրանց կրթութիւն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրաւունքի լիարժէք իրականացումը:

Նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը: Սոցիալ-տնտեսական, բնակարանային, ցածր զբաղուածութեան եւ այլ պատճառներով ուշ ամուսնութիւններն ու ցածր ծնելիութիւնը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղէտի եզրին:

Ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կը բացառի բնական ռեսուրսների գերշահագործումը, հիւծումը, նուազագոյնի կը հասցնի շրջակայ միջավայրի, այդ թւում՝ մարդու կեանքի եւ առողջութեան վրայ բացասական ազդեցութիւնը, կ՛ապահովի բնական ռեսուրսների համալիր կառավարումը եւ դրանից ստացուող եկամուտների բաշխումը հասարակութեան բոլոր անդամների միջեւ:

Բնական ռեսուրսները՝ հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականութիւն են: Այս բնական կապիտալը ոչ միայն ներկայ, այլեւ ապագայ սերունդների համար է: Մինչդեռ դրանց անխնայ ու չհամակարգուած շահագործումը ոչ միայն բաւարար չափով չի նպաստում քաղաքացիների բարեկեցութեան աճին, այլեւ խնդիրներ է յարուցում ներկայի եւ ապագայի առումով:

Ներդնել ջրային ռեսուրսների աւտոմատ կառավարման համակարգեր, ընդլայնել ամբարուող ռազմավարական ջրային պաշարները:

Վարել ակտիւ հայրենադարձման քաղաքականութիւն, նպաստել, որ հայրենիքից հեռացած մեր համաքաղաքացիները եւ սփիւռքահայերը վերադառնան իրենց երկիր՝ քանի դեռ նրանց սերունդները չեն ուծացուել ու չեն դադարել հայ լինելուց: Հայրենիքից հեռացածները եւ տարիներ ի վեր հայկական Սփիւռքում հանգրուանածները այլ երկրների տնտեսական, գիտական, մշակութային, մարզական էլիտայի մաս են: Հայրենադարձութեան բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ այդ ներուժն ու կարողութիւնը կը ծառայեն մեր բոլորի հայրենիքին:

 

ԲԻԶՆԵՍԸ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Եթէ այսօր մեր գործարարներին հարցնես, թէ պետական ինչ աջակցութեան կարիք ունեն, շատերը կը պատասխանեն. «Թող չխանգարեն, դա կը լինի ամենամեծ օգնութիւնը»: Նման իրավիճակն այլեւս անընդունելի է: Պետութիւնը պէտք է կանգնի գործարարի կողքին, աջակցի նրան, ապահովի մրցակցութեան արդար պայմաններ եւ գործարարութեամբ զբաղուելու յստակ կանոններ: Պետութիւնը պէտք է պատրաստ լինի մասնաւորի հետ համագործակցաբար կիսել բիզնես ռիսկը, առաջնորդել այն բնագաւառներում, որտեղ այդ ռիսկն աւելի մեծ է կամ որտեղ շահութաբերութիւնը աւելի ցածր է, կամ մասնաւոր ֆինանսաւորումը բացակայում է: Նոյնիսկ ամենալիբերալ ու պահպանողական քաղաքական ուժերն ամբողջ աշխարհում աջակցում են իրենց երկրների ձեռնարկութիւններին: Մինչդեռ մենք մեր ձեռնարկութիւններին թողել ենք միայնակ համաշխարհային մրցակցութեան մէջ:

Մենք առաջարկում ենք.

Ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրութեամբ զբաղուելու համար: Հայաստանը որքան էլ բարձր տեղեր գրաւի միջազգային վարկանիշային ցուցակներում, միեւնոյն է, դա չի նուազեցնում մեր ձեռնարկատէրերի դժգոհութիւնները տնտեսվարման միջավայրից: Փոքր եւ միջին ձեռնարկութիւնները, որոնք ոչ միայն եկամուտ եւ աշխատանք են ապահովում, այլեւ հնարաւորութիւն են ստեղծում ինքնադրսեւորուելու ու արարելու, յաճախ խոշոր ընկերութիւնների զոհ են դառնում: Բանկերը, վարկային կազմակերպութիւնները, տնտեսական առաջընթացն ապահովելու փոխարէն, յաճախ նմանւում են վաշխառուների՝ անիրատեսական եւ ստրկացնող վարկաւորման պայմաններով:

Առաջնային համարուող, ռազմավարական եւ սոցիալական նշանակութիւն ունեցող ձեռնարկութիւնների հետ, պետութիւն-մասնաւոր հատուած գործընկերութեան շրջանակներում, կիսել բիզնես ռիսկը եւ ապահովել մատչելի ֆինանսաւորում: Պետութիւնը պէտք է վերանայի տնտեսական հարցերում պասիւ (կրաւորական-Խմբ.) դիտորդի իր կարգավիճակը: Անհրաժեշտ է առաւել ակտիւօրէն աջակցել այդ ձեռնարկութիւններին, նրանց հետ ստեղծել համատեղ ընկերութիւններ, տրամադրել վենչուրային ֆինանսաւորում, փոխառութիւններ եւ այլ արտօնութիւններ:

Աջակցել հայրենական արտադրողին: Մեր շատ ձեռնարկութիւններ չեն դիմանում արտասահմանեան արտադրողների ու ներմուծողների հետ մրցակցութեանը՝ վերջիններիս կողմից իրականացուող գնագցման ոչ ազնիւ քաղաքականութեան պատճառով: Հայ գիւղացին չի կարողանում վաճառել իր արդար քրտինքով աճեցրած բերքը, քանի որ օտար ապրանքով ողողուած է մեր երկիրը: Պետութիւնը պէտք է մտածի իր արտադրողի մասին:

Ուժեղացնել մենաշնորհների եւ անբարեխիղճ մրցակութեան դէմ պայքարը՝ խստացնելով մրցակցութեան համար պատիժների համակարգը եւ երաշխաւորելով ազատ մուտքը շուկայ:

Թեթեւացնել տեսչական բեռը, գիտակցել, որ տեսչական ստուգումները պէտք է ուղղուած լինեն միայն անբարեխիղճ տնտեսվարողների դէմ եւ չպէտք է մահակ դառնան բարեխիղճ ձեռնարկութիւնների գլխին:

Կրթական պետական պատուէր ձեւաւորելիս առաջնորդուել տնտեսութեան արդի եւ հեռանկարային կարիքներով: Բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պէտք է սերտօրէն համագործակցեն:

Վերանայել բնական մենաշնորհների կողմից տրամադրուող ծառայութիւնների գները: Այժմ կիրառուող գներն իրատեսական ու մատչելի չեն շատ ձեռնարկատէրերի համար, փոխարէնը՝ բնական մոնոպոլիաներին գերշահոյթ են ապահովում:

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Պետական կառավարման համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք: Հանրային ծառայութիւնը (ներառեալ քաղաքացիական ու համայնքային ծառայութիւնը) պատիւ է, որին պէտք է արժանանան միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տէր անձիք: Պետական չինովնիկը, ով կոչուած է ծառայելու քաղաքացուն, երբեք չպէտք է իրաւունք ունենայ քաղաքացու հետ խօսել վերեւից, ամբարտաւան տիրոջ կեցուածքով: Իւրաքանչիւր պաշտօնեայ պէտք է անձնական պատասխանատուութիւն կրի իր արածի ու չարածի համար եւ երբեք փորձ չանի իր պաշտօնական դիրքն օգտագործել անձնական շահի նպատակով: Որեւէ պարագայում պէտք է բացառուի շահերի բախումը: Միայն այս դէպքում հանրային ծառայութիւնը, որը պէտք է արժանապատիւ վարձատրուի, հրապուրիչ կը լինի նուիրուած ու բանիմաց կադրերի համար:

Մենք առաջարկում ենք.

Ապահովել պետական մարմինների գործունէութեան հրապարակայնութիւնն ու թափանցիկութիւնը: Պատասխանատուութիւնը պէտք է լինի հասցէական ու անձնաւորուած: Պետական կառավարման իւրաքանչիւր մարմնի համար պէտք է սահմանուեն արդիւնաւէտութեան գնահատման առանցքային ցուցանիշներ: Իւրաքանչիւր պաշտօնեայ պէտք է իմանայ, թէ որոնք են իր իրաւունքներն ու պարտականութիւնները եւ ինչի համար է պատասխանատուութիւն կրելու:

Ներդնել հանրային ծառայողների ու նրանց ընտանիքների արժանավայել կենսամակարդակ երաշխաւորող վարձատրութեան համակարգ: Վարձատրութիւնը պէտք է բաւարար լինի, որպէսզի հանրային ծառայողը չփորձի եկամտի այլ աղբիւրներ փնտրել՝ յաճախ չարաշահելով իր պաշտօնական դիրքը: Ընդլայնել հանրային ծառայութեան սոցիալական փաթեթից օգտուողների շրջանակը՝ ներառելով առողջապահութեան, մշակոյթի, կրթութեան եւ գիտութեան ոլորտի բոլոր աշխատակիցներին:

Վարել արհեստավարժութեան եւ հանրային վստահութեան չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականութիւն՝ շարունակաբար ներգրաւելով երիտասարդներին պետութեան կառավարման գործում:

Գործադրել շահերի բախման հնարաւոր դէպքերը բացայայտելու ու կանխելու, անօրինական գործունէութեան համար անխուսափելիօրէն պատասխանատուութեան ենթարկելու, բիզնեսն ու քաղաքական, վարչական իշխանութիւնը տարանջատելու ամբողջական համակարգ:

Ընդիմութեան եւ քաղաքացիական հասարակութեան ակտիւ մասնակցութեամբ ստեղծել կոռուպցիայի դէմ պայքարի անկախ մարմին: Այն պէտք է զբաղուի կոռուպցիայի աղաղակող եւ հանրութեան ուշադրութեան կենտրոնում գտնուող դէպքերով, այլ ոչ թէ աշխատանքի պատրանք ստեղծի:

 

ԱՐՑԱԽ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մենք ձգտում ենք գոյատեւել որպէս ազգ, կերտել Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստան, ուստի հզօր, մեր անվտանգութիւնը երաշխաւորող պետութիւն կառուցելուն այլընտրանք չկայ: Մեր անկախ պետականութեան վերակերտումը սկսուեց արցախեան գոյամարտով, նրա գոյութիւնը պայմանաւորուած է արցախեան ճակատում մեր յաղթանակով: Յստակ պէտք է գիտակցել, որ չկայ առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պէտք է վերամիաւորուի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախութիւնը մեզ համար մարտավարական նշանակութիւն ունեցող ժամանակաւոր լուծում է:

Մենք ինքներս պէտք է ապահովենք մեր երկրի անվտանգութիւնը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին յայտարարութիւնները միայն մօտեցնում եւ աւելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը:

Հայրենիքի պաշտպանութիւնը մեր բոլորիս սրբազան պարտականութիւնն է՝ անկախ մեր քաղաքական հայեացքներից, սոցիալական կարգավիճակից, եկամտի մեծութիւնից: Բանակը պէտք է գտնուի բոլորիս հոգածութեան կենտրոնում: Մենք պէտք է դասեր քաղենք ապրիլեան պատերազմից:

Հայաստանը պէտք է վարի անկախ արտաքին քաղաքականութիւն՝ հիմնուած բացառապէս ազգային շահի եւ պետութեան հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրայ: Մենք ամերիկամէտ, ռուսամէտ, եւրոպամէտ չենք, մենք հայամէտ եւ հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականութեան վեկտորն ընտրելիս պէտք է առաջնորդուենք բացառապէս մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պէտք է լինեն ոչ թէ ընդդէմ որեւէ կողմի, այլ բացառապէս յանուն մեր նպատակների իրականացման:

Մենք առաջարկում ենք.

Ամրապնդել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական համագործակցութիւնը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը:

æանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերուող բանակցութիւններում որպէս լիիրաւ կողմ ներգրաւելու համար:

Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանութեամբ զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրայ հիմնուած ռազմաարդիւնաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նաւթային դոլարներ, մենք ունենք տաղանդաւոր գիտնականներ, գիւտարարներ, ինժեներներ:

Խրախուսել պրոֆեսիոնալ-կամաւոր զինուորական ծառայութեան շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչուած երիտասարդ զինուորի կողքին միշտ պէտք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինուորականը:

Սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին: Սպան ու զինուորը, ովքեր ամէն օր իրենց կեանքը վտանգի են ենթարկում, չպէտք է նիւթական նեղութիւն զգան:

ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որեւէ գործողութիւն: Ձեւաւորել անհրաժեշտ դիմակայութիւն ընդդէմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի: Չեղարկել մեր ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրութիւնները:

Վրաստանի հետ յարաբերութիւնները կառուցել բարեկամութեան ու ազգային շահերի փոխադարձ յարգանքի սկզբունքների վրայ: Բարիդրացիական յարաբերութիւններն իրենց դրական ազդեցութիւնը կ՛ունենան ջավախահայութեան եւ ընդհանրապէս վիրահայութեան իրաւունքների լիարժէք իրականացման վրայ:

ՀՀ արտաքին քաղաքականութեան մէջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականութիւնը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ համայն հայութեան ազգային նպատակների իրականացման երաշխաւորն է: Ըստ այդմ՝ ամէն ինչ անել սփիւռքահայութեանը հայոց պետականութեան գործընթացում լիարժէք ներգրաւելու համար: Գործադրել Հանրապետութեան եւ հայութեան տարբեր հատուածների առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման, համազգային ներուժի բացայայտման եւ օգտագործման ամբողջական ռազմավարութիւն:

 

* * *

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հաւատում ենք, որ նոր սկիզբ ենք դրել: Մենք լաւատես ենք:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կազմակերպուած է, ունի կամք եւ վճռականութիւն՝ առաջնորդելու մեր ժողովրդի երթը դէպի Ազատ, Արդար եւ Բարեկեցիկ հասարակութիւն: Մենք հաւատում ենք Արդար երկրի եւ Ազատ քաղաքացու ստեղծագործ ներուժին: Սա է Հզօր Հայաստան կերտելու, հպարտ քաղաքացի ունենալու գրաւականը: Մենք վճռական ենք: Մեզ անհրաժեշտ է ձեր քուէն ու վստահութիւնը:

Վստահէ՛ք Դաշնակցութեանը, Ապրիլի 2ին քուէարկէ՛ք Դաշնակցութեան օգտին, եւ մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կ՛ունենանք:

 

 

Comments are closed.